Հիվանդություններ, որոնք սրվում են գարնանը
Անկայուն եղանակ, վիտամինների պակաս եւ քրոնիկ հիվանդությունների սրացում. սա տիպիկ երեւույթ է գարնան առաջին կեսի համար: Հետեւաբար՝ այս սեզոնին պետք է առավել զգոն լինել:
Այն մարդիկ, որոնք ունեն գաստրիտ եւ ստամոքսի խոց, գարնանը կարող են սրացում նկատել՝ ցավեր որովայնի վերին հատվածում, ծանրության կամ քաղցի զգացողություն, բերանում տհաճ համ եւ այլն: Այս շրջանում ցանկալի է սննդակարգից հանել վնասակար սնունդը՝ ճարպոտ, տապակած եւ կծու մթերք, գազավորված հյութեր, ալկոհոլ եւ այլն: Ցանկալի է սնվել հստակ ժամային գրաֆիկով եւ ավելի շատ զբոսնել մաքուր օդին:
Գարնանը սրվում են նաեւ հոդերի եւ ողնաշարի հիվանդությունները: Երբ եղանակը եւ մթնոլորտային ճնշումը հաճախակի տատանվում են, դա անդրադառնում է մեր զարկերակային արյան ճնշման վրա, ինչի արդյունքում հոդերն ավելի քիչ արյուն են ստանում եւ դառնում ավելի «չոր»: Եվ սովորաբար հոդերում առաջանում է ջարդվածության զգացողություն: Եթե այդ վիճակը երկար շարունակվի, ապա կարող է առաջանալ արթրիտ:
Սիրտ-անոթային հիվանդությունները, ի թիվս այլ քրոնիկ հիվանդությունների, նույպես սրվում են գարնանը: Մագնիսական փոթորիկները, եղանակային կտրուկ տատանումները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Նման օրերին պետք է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, հեռու մնալ սթրեսներից, ոչ մի դեպքում բաց չթողնել բժիշկի կողմից նշանակված դեղերի ընդունումը:
Շնչական հիվանդությունները, ինչպես, օրինակ, ֆարինգիտը, բրոնխիտը, հայմորիտը, վաղ գարնանն իրենց զգացնել են տալիս: Կարեւոր է չխաբնվել առաջին հայացքից տաք թվացող եղանակին եւ առանց շարֆի ու գլխարկի տանից դուրս չգալ:
Գարնանային դեպրեսիա. այո՛, գարնանը նույնպես բնորոշ է ընկճախտը, որը կարող է պայմանավորված լինել բիոռիթմերի, հորմոնալ կարգավիճակի փոփոխությամբ: Եթե դեպրեսիան սովորականից երկար է տեւում, արժե դիմել մասնագետի:
Գարնանը ծառերի եւ ծաղիկների ծաղկելուն պես՝ սրվում են ալերգիաները: Հայտնի է ալերգիա առաջացնող մոտ 100 տեսակի բույս: Ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն օրվա երկրորդ կեսին տանից դուրս գալուց. այդ ժամանակահատվածում օդում ծաղկափոշու պիկ է:
Ցուրտ եղանակի ավարտին հաճախ սրվում են մաշկային հիվանդությունները՝ պսորիազ, էկզեմա, վիտիլիգո, նեյրոդերմիտ, դեմոդեկոզ եւ այլն: Գարնանը բնորոշ ցուրտ եղանակն ու օդի բարձր խոնավությունը բացասաբար են անդրադառնում խնդրահարույց մաշկի վրա: Որպեսզի խուսափեք սրացումներից, անհրաժեշտ է ավելի շատ զբոսնել արեւի տակ:
Աղբյուր՝ https://www.doctors.am/